Այս տարի նախատեսվում է արագացնել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումը եւ դրանց զինումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի ԱԻՆ-ում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախարարության՝ 2017 թ.-ի գերակա խնդիրները, առաջնային լուծում պահանջող հարցերը:
Հ. Մխիթարյանը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնց աշխատանքներն առավել ակտիվ եւ հանգամանալից ընթացք են պահանջում: Համաձայն այդ ուղղությունների՝ այս տարի նախատեսվում է արագացնել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումը եւ դրանց զինումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Համայնքներում տեղադրել վաղ ազդարարման եւ աղետների կառավարման համակարգեր, վերազինել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Գերակա խնդիրների թվում են նաեւ Աղետների բժշկության կենտրոնի աշխատանքները: Ոլորտի ներկայացուցիչները համատեղ քննարկեցին արդեն կատարված աշխատանքները եւ նախանշեցին հետագա անելիքները:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը, կրկին անդրադառնալով սահմանամերձ համայնքներում նախարարության ստորաբաժանումների աշխատանքին, եւս մեկ անգամ հորդորեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել այն համայնքները, որոնք առավել խոցելի են:
Հ. Մխիթարյանը հանձնարարեց նաեւ ըստ նախանշված ժամանակացույցի ավարտել եւ ներկայացնել աշխատանքները, ինչպես նաեւ՝ հետագա անելիքների հանձնարարականներ տվեց:


























