Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի  եւ նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ: Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի  հիման վրա դեպքի վայր մեկնելու  ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած եւ երթեւեկության կանոնների խախտմամբ ընթացող «Մերսեդես Բենց» ու «Ֆոլսքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում եւ հայհոյում էին:

Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա եւ ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետեւանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: