Եթե գնահատելու լինենք պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը եւ արդյունքները, ապա գնահատականն անբավարար է: Այս մասին, այսօր՝ հունվարի 6-ին, ԱԺ-ում, ներկայացնելով Քրեական, Քրեակատարողական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինսիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին կայացված որոշումների անբավարար հիմքերի կամ իրենց համար անհասկանալի լինելու հետ:
«Մեր գլխավոր նպատակը մեկն է՝ դատապարտյալի համար կանխատեսելի դարձնել իր վարքագիծը: Պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի կառնվեն մի քանի հանգամանքներ՝ խրախուսանքի կամ կարգապահական տույժի առկայություն կամ բացակայություն, պատժի կրման ընթացքում որոշակի կրթական ծրագրերի, մարզական կամ մշակութային միջոցառումների մասնակցություն, եթե նման հնարավորություն եղել է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կփոփոխվի նաեւ Անկախ հանձնաժողովի կազմը:
Առաջարկվում է այդ կազմում ընդգրկել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, կրիմինոլոգների, որոնք կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա դատարանը կորոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Առաջարկվող փոփոխությամբ, նաեւ իրավունք կվերապահվի դատապարատյալին ներկա գտնվելու իր պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով հարցի քննարկմանը:
Նախարարի համոզմամբ, փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը եւ կշտկի Հայաստանում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը:



























