ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին են դիմել մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ (մաքսային բրոքերներ), որոնք բողոքում են մեր երկրում միջազգային փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:
Այս առնչությամբ ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նույն խնդիրն են բարձրացնում նաեւ մի շարք խոշոր տնտեսվարողներ՝ «Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» եւ այլն: Ըստ Հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքի, մեր երկրում «Յումակս» ընկերությունը տարածել է հայտարարություն, ըստ որի այս տարվա հունվարի 16–ից DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, «Յումակսի» միջոցով մաքսային ձեւակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների եւ ֆիզիկական անձանց բեռները հետ կուղարկվեն:
Բողոքում նշված է նաեւ, որ «Յումակս» ընկերությունը արդեն իսկ անցել է այդ գործելաոճին եւ ներկայումս հրաժարվում է հասցեատերերին հանձնել ուղարկված ապրանքների մաքսային փաստաթղթերը՝ փաստացի ստիպելով դրանք մաքսազերծել իր միջոցով:
Մաքսային բրոքերական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ Հայաստան ուղարկվող բեռների եւ փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետեւապես վերջինիս նման վարքագիծը ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում իրենց հետագա գործունեության վրա:
Դիմում-բողոքում նշված է նաեւ, որ բեռների մաքսային հայտարարագրում անելու համար «Յումակս» (DHL) ընկերության սահմանած գները անհամեմատ բարձր են նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների սակագներից: Հանձնաժողովին դիմած տնտեսվարողները ներկայացնում են նաեւ, որ «Յումակսի» նման գործունեության հետեւանքով բախվել են մեկ այլ խնդրի եւս: Մասնավորապես, այդ տնտեսվարողները պարբերաբար իրականացնում են խոշոր ներմուծումներ, ինչով էլ պայմանավորված ունեն համապատասխան մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր զբաղվում են այդ բեռների մաքսազերծմամբ: Այսինքն, տվյալ պարագայում, մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չի առաջանում:
Հետեւապես, վերջինների համար «Յումակսի» նման պարտադրանքը ֆինանսական միջոցների հավելյալ՝ խոշոր ծախս է առաջացնում:
Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետում կուսումնասիրի եւ օրենքի սահմաններում լուծում կտա խնդրին:


























