Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Այդ մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի եւ այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարեւորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. եւս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:

Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաեւ 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի եւ իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների եւ երիտասարդների համար Երեւանում հայոց լեզվի (արեւմտահայերենի եւ արեւելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում եւ այլն:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում եւ նշել. «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը»: