Այս տարվա հունվարին, 2016-ի հունվարի համեմատ աճել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի թե ներկրման, թե սպառման ծավալները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի, այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին, սակայն մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից մեզ հայտնեցին, որ հույսեր արդարացնել-չարդարացնելու խնդիր իրենք չեն դրել. «Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա այս տարվա հունվարին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկրված գազի ծավալները 2016 թվականի հունվարի համեմատ աճել է 31 տոկոսով, իսկ գազի սպառումը նույն ժամանակահատվածում՝ 2016-ի հունվարի համեմատ աճել է 38,5 տոկոսով»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր. «Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին: Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն մեր տեղեկություններով մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը: Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը: Սակայն, չնայած ցուրտ հունվարին, գազի սպառման ծավալները այնքան չեն աճել, որ այդ սպասումները իրակականան»: