«Անի Պլազա»  հյուրանոցում փետրվարի 11-ին մահացած հայտնաբերված Զուրաբ Նեմսաձեի եւ Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ի անունից ոստիկանություն  դիմում էր ներկայացվել` մի երիտասարդի` վտանգի մեջ լինելու եւ վերջինի ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ը տեղեկանում է Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ից (Փինք Արմենիա):

Ըստ ՀԿ-ի տարածած հաղորդագրության՝ Զուրաբը պատմել է, որ փետրվարի սկզբին նա Հայաստան է եկել իր զուգընկերոջ խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը եւ գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով:

Կազմակերպությանը եւ դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինի շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում:

«Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել»,- ասվում է ՀԿ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում այլ երկրի քաղաքացու դիակ է հայտնաբերվել: