Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում փետրվարի 11-ին մահացած հայտնաբերված տղամադրն ու կինը նախնական տվյալներով ծխախեղդ են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա նշեց, որ տարածքը, որտեղից հայտնաբերվել են նրանք, կա ժամանակավոր կացարան եւ գոմ, որտեղ մահացած հայտնաբերված տղամարդը՝ Աբել Ն.-ն հնդկահավ է պահել եւ զբաղվել դրանց բիզնեսով:
«Էդ սեփականաշնորհված տարածք էր, Աբելը զբաղվում էր թռչունների վաճառքով եւ այնտեղ էր մնում: Նրա հետ մահացած հայտնաբերված կինը ոչ մի կապ չունի նրա հետ, բայց, թե ինչպես է հայտնվել այնտեղ, դեռ չգիտենք: Փայտի վառարան են վառել, նախնական վարկածով ծխախեղդ են եղել»,-ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ մահացած հայտնաբերված տղամարդն ու կինը միմյանց հետ կապ չեն ունեցել, ամուսնացած են եւ ունեն առանձին ընտանիքներ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սարդարապատ գյուղի դաշտերում քարե շինության մեջ հայտնաբերել 1964 թվականին ծնված Ա.Ն-ի եւ 1972 թվականին ծնված ՝ Ք.Մ.-ի դիերը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:


























