Սույն թվականի փետրվարի 8-ին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է «Միջհամայնքային համագործակցությունը եւ պատշաճ կառավարումը: Կիպրոսը եւ եվրոպական փորձը» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովը կազմակերպվել էր Կիպրոսի «Համայնքների Միություն» կողմից՝ ԵԽ ժողովրդավարության եւ կառավարման կոմիտեի աջակցությամբ: Միջհամայնքային համագործակցության ոլորտում հայկական փորձը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը:

Խորհրդաժողովի մասնակիցների կողմից կարեւորվել է միջհամայնքային փոխգործակցության ինստիտուտի դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝   համայնքային խնդիրների լուծման գործում: Միեւնույն ժամանակ շեշտվել է, որ միջհամայնքային համագործակցությունը «սառեցնում է» առկա խնդիրները: Օրինակ` կարող է արձանագրել որոշակի հաջողություններ կոնկրետ խնդիրների լուծման գործընթացում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առավել  արդյունավետ է խոշորացման, կոնսոլիդացման ճանապարհով համայնքի հնարավորությունների ընդլայնումը:

Հաշվի առնելով, խնդրի հրատապությունը եւ տեղական բարեփոխումներում ԵԽ անդամ երկրների  կողմից փորձի փոխանակման կարեւորությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել միջհամայնքային համագործակցությանը վերաբերող խորհրդաժողովները կրեն շարունակական բնույթ, ինչպես նաեւ կազմակերպվեն ճանաչողական այցեր եվրոպական համայնքային փոխգործակցության հարուստ փորձ եւ զարգացած համակարգեր ունեցող երկրներ` գործնականում միջհամայնքային համագործակցության մոդելները դիտարկելու եւ առկա փորձին  անմիջականորեն  ծանոթանալու նպատակով: