ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել դադարեցնել ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները փոխանցել Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Սակայն գրադարանի կոլեկտիվը եւ ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն եւ առհասարակ, մեծ վնաս կհասցնի գիտությանը:
Գրադարանի տնօրինության կարծիքով, խնդրի խոհեմ լուծում կլինի գրադարանին ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ տալը եւ կառավարման լիազորությունները անմիջապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հանձնելը: Գրադարանի աշխատակիցները դիմել են Հանրային խորհուրդ՝ ակնկալելով խնդրի համակողմանի քննարկման արդյունքում գտնել լավագույն լուծումը եւ ներկայացնել ՀՀ կառավարություն:
Կիսելով գրադարանի տնօրինության մտահոգությունները եւ հարցն ուսումնասիրելու նպատակով՝ ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀԽ անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ղեկավարությամբ:
Ս.թ. փետրվարի 16-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, գրադարանի տնօրեն Լեւոն Ղարիբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ, մատենագետներ:
Գրադարանի տնօրենը ներկայացրել է շուրջ կեսդարյա պատմություն ունեցող գրադարանի գործունեությունը եւ մտահոգություն հայտնել գրադարանի ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով, խնդիրը գրադարանային ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների անտեսման պայմաններում լուծելու դեպքում մեր պետությանը հասցված նյութական եւ բարոյական վնասը շատ ավելին կլինի եւ կհանգեցնի անցանկալի հետեւանքների: Գրադարանի տնօրենը գտնում է, որ եթե կա գրադարանների օպտիմալացման խնդիր, ապա դա պետք է համակարգային ձեւով իրականացվի:
Հանրային խորհրդի նախագահն ու ՀԽ անդամները նույնպես գտել են, որ գրադարանի պահպանման եւ դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նախեւառաջ ապահովել գրադարանի առանձին կարգավիճակը, ինչպես նաեւ չլուծարել մարզային 4 մասնաճյուղերը, որի վերաբերյալ նույնպես կառավարությունում քննարկումներ են ընթանում: Կարեւորվել է նաեւ գրադարանի շենքային տարածքները պահպանելու հարցը: Միաժամանակ քննարկվել է գրադարանի գործունեությունն արդիականացնելու անհրաժեշտությունը:
Քննարկման արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ գրադարանի պահպանման եւ արդյունավետ գործունեության լավագույն լուծումը դրա կառավարման լիազորությունները ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հանձնելն է, որի կազմում գրադարանը կգործի՝ իբրեւ առանձին միավոր:
Որոշվել է այս առաջարկների վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ եւ ներկայացնել ՀՀ կառավարություն:



























