«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանն արդեն 10 օր է հացադուլի մեջ է: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի: Հացադուլով նա պահանջում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
«Դեկտեմբերին վիճակս վատացել էր, «Դատապարտյալների հիվանդնոց» էին տեղափոխել, հետազոտել էին, արդյունքների համաձայն՝ գլխումս բեկորներ կան եւ ինձ չի կարելի տեղաշարժվել, անգամ նստել: Ասել են, որ պետք է քաղաքացիական հիվանդանոցում պառկեմ, բայց ինձ տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ, որից հետո խցում 3 օր եղել եմ անգիտակից վիճակում»,-ասաց նա:
Արմեն Մկրտումյանը նշեց, որ հացադուլի հետեւանքով իր վիճակն ավելի է վատացել. «Հացադուլավորների խցում եմ, բժիշկներ չեն եկել մինչեւ հիմա, չնայած առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ»:
Դատապարտյալը նշեց, որ շարունակելու է իր հացադուլն այնքան ժամանակ, մինչեւ իր պահանջը կատարվի:
Արմեն Մկրտումյանի խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամնեը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:
Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում:


























