Հնդկաստանի Բիխար նահանգի պետծառայողներին արգելել են ոգելից խմիչք օգտագործել աշխարհի ցանկացած կետում։ Խախտման դեպքում նրանց կարող են հեռացնել աշխատանքից, կամ կրճատել աշխատավարձը, գրում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Անցած տարվա ապրիլին նահանգում ոգելից խմիչքի գործածման համատարած արգելք էր սահմանվել։

Իսկ հիմա չինովնիկներին արգելվում է խմիչք օգտագործել ոչ միայն Բիխար նահանգի, այլեւ ամբողջ Հնդկաստանի տարածքում եւ նույնիսկ դրանից դուրս։

Ընդ որում նշանակություն չունի՝ պաշտոնյան աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ է խմում, թե ոչ։ Իհարկե դեռ հասկանալի չէ, թե ինչպես է նահանգի կառավարությունը մտադիր հետեւել չինովնիկների վարքագծին արտասահմանում։

Նահանգապետ Նիթիշ Կումարը վստահ է, որ ոգելից խմիչքի արգելքը ծառայելու է հանցավորության վերացմանը, առողջ ու ներդաշնակ կենսակերպին։