Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երեւանի Հալաբյան փողոցի 65 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 29-ամյա Հերմինե Հ.-ին, 24-ամյա Սամվել Հ.-ին եւ 31-ամյա Հասմիկ Հ.-ին, իսկ ժամը 1.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նշված հասցեից նույն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նաեւ 5-ամյա Վաղինակ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, Հալաբյան փողոցի 65 շենքի թիվ 22 բնակարանում՝ շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
***
Փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շրջանցիկ թունել թիվ 399 տնից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա Նելլի Բ.-ն եւ 34-ամյա Գեւորգ Ս.-ն:
Փետրվարի 18-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել նաեւ 12-ամյա Էդգար Մ.-ն:
Պարզվել է, որ Նելլի Բ.-ն, Գեւորգ Ս.-ն եւ Էդգար Մ.-ն թունավորումը ստացել են փետրվարի 17-ին, ժամը 18.00-ին, նշված տանը գազի վառարանից առաջացած արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
***
Փետրվարի 18-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ Գանձակ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա Վեներա Գ.-ն, 21-ամյա Թագուհի Բ.-ն եւ 5-ամյա Գագիկ Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 22.45-ին, 61-ամյա Սարիբեկ Թ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տանը՝ խոհանոցում, թունավորվել են գազի կաթսայից արտանետված գազից:
Նույն օրը, ժամը 22.55-ին, «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա Անի Ա.-ն եւ հայտարարել է, որ թունավորվել է վերջիններիս հետ Գանձակ գյուղում գտնվող իրենց տան խոհանոցում՝ գազի կաթսայից արտանետված գազից:
Կատարվում է հետաքննություն:


























