Փետրվարի 21-ին Մայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Օշական եւ ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:
Եկեղեցուն կից դպրատանը կայացավ Մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Մայրենիի տոնի առթիվ եւ հավելեց. «Ոզում եմ դիմել բոլոր ներկաներին, հատկապես երիտասարդներին, աշխարհասփյուռ հայությանը եւ խնդրել երկյուղածությամբ ու սրբությամբ վերաբերվել լեզվին, պահել, պահպանել, զարգացնել ու տարածել հայերենը»:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:
Հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգով, պարային բեմականացումով հանդես եկան Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Այնուհետ միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, եւ ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի առջեւ:



























