Beeline-ը եւ «Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով:

Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչեւ 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 եւ ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:        

«Մեր նպատակն անփոփոխ է` վճարումների մատչելիության եւ սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի եւ մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Նշենք, որ բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով: