«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, սակայն նախագահ չի դառնա: Այս մասին վկայում են OpinionWay ընկերության անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարցման արդյունքների համաձայն՝ առաջին փուլում Լե Պենի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 26 տոկոսը, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնի օգտին՝ 22 տոկոսը, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին՝ 21 տոկոսը:

Հարցմամբ նաեւ ներկայացվում է նախագահական ըտրություններում երկրորդ փուլի համար իրադարձությունների զարգացման 2 տարբերակ: Առաջին դեպքում Լե Պենը մրցակցում է Մաքրոնի հետ եւ պարտվում՝ ստանալով ձայների 40 տոկոսը: Երկրորդ տարբերակի համաձայն՝ մրցակցում են Լե Պենն ու Ֆիյոնը, եւ Լե Պենը կրկին պարտվում է՝ ստանալով ձայների 42 տոկոսը:

Հարցումն անցկացվել է փետրվարի 20-ից մինչեւ 22-ը:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2 փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: