Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հարգանք դրսեւորել տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ու անվտանգության շահերի հանդեպ, նաեւ հարգանքով վերաբերվել Հարավ չինական ծովում խաղաղություն ու կայունություն պահպանելու՝ նրանց ջանքերին։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Գոցյանը՝ պատասխանելով Հարավչինական ծովի ջրային տարածքում ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակրի ու ուղեկից նավերի գործողություններին վերաբերող հարցին, հայտնում է «Սինհուան»։
Չինաստանն էլ իր կողմից է հարգում Հարավչինական ծովի վրայով թռիչքների ազատության միջազգային իրավունքը, նշել է պաշտոնյան։ «Հիմա ՀՉԾ-ում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է,- նշել է Ժեն Գոցյանը,- Մենք հույս ունենք, որ ԱՄՆ գորոծղությունները կնպաստեն այս միտումի ամրապնդմանը»։
ՊՆ ներկայացուցիչը նաեւ շեշտել է, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի բանակների միջեւ առողջ ու կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների ու ժողովուրդների շահերին, նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը։ Նման հարաբերություններ պահպանելու համար անհրաժեշտ է երկու երկրների ջանքերը։




























