Հարյուրավոր փղեր կարող են պաշարել Թաիլանդի կառավարության շենքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bangkok Post-ը:
Շենքը ցանկանում են պաշարել «փղերի ճամբարների» տերերը, որտեղ այս կենդանիներին պահում եւ մարզում են՝ տուրիզմի եւ կինոարդյունաբերության համար:
Երկուշաբթի նման սպառնալիք է հնչեցրել Թաիլանդի հնագույն մայրաքաղաք Այութհայայի ճամբարի սեփականատերը: Նա հայտարարել է, որ պաշարում կսկսի, եթե կառավարությունը չկարգադրի անհապաղ վերանայել ստուգումների արդյունքները, որը, իբր, պարզել է, որ ոչ բոլոր փղերն են ճամբարում ծնվել, նրանց մի մասին ապօրինաբար անտառներում են բռնել:
«Ստուգումներ անցկացրած վայրի կենդանիների պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները կա՛մ հարբած են եղել, կա՛մ շփոթել են փաստաթղթերը»,- հայտարարել է ճամբարի սեփականատերը:
Նման արդյունքներ են արձանագրվել մի քանի փղերի ճամբարներում: Եթե դրանք հաստատվեն, սեփականատերերին ազատազրկում եւ խոշոր տուգանք է սպառնում:




























