Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձեւավորել ճկուն տնտեսական համակարգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Բրյուսելում «Քարնեգի» կենտրոնում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հայտնի է, որ կայուն զարգացումը հանրային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է: Իսկ պետության կտրվածքով առհասարակ որեւէ զարգացում չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ ամուր տնտեսության վրա:

Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձեւավորել ճկուն տնտեսական համակարգ: Այդ հաջողությունները գալիս են ապացուցելու, որ մեր տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է: Որպես օրինակ բերեմ տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտը, որ վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» եւ այլն: Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:

Տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները: Ուստի, մեզ անհրաժեշտ էր նոր տեսլական՝ նորարարական մոտեցումներով եւ լուծումներով: Մենք կարողացանք ձեւավորել հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ: Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման՝ Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման եւ ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձեւավորել կայուն եւ կանխատեսելի տնտեսություն, գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017», ինչպես նաեւ վարկանիշային «Ֆիտչ» գործակալության վերջին զեկույցներում: «Դուինգ բիզնես 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

Եվ անցած տարվա վերջին ձեւավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես՝ եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ»: