Երեւան-Մեղրի ավտոճանապարհին 2016թ. մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Ռոման Հարությունյանը վերականգնողական բուժում անցնելուց հետո արդեն առանց քայլասայլակի կարողանում է քայլել: Այս մասին  այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան:

«Քայլասայլակի օգնությամբ է հիմնականում քայլում, բայց որոշ չափով առանց քայլասայլակի էլ է քայլում: Փառք Աստծու, ապաքինվում է, հուսանք, որ շուտով արդեն կկարողանա լիարժեք քայլել»,-ասաց նա:

Տիկին Զոյան նշեց, որ նույն ավտովթարից տուժած Ռոմանի ավագ եղբայրը՝ Արկադին, առողջացել է եւ վերադարձել է հին աշխատանքին՝ պայմանագրային զինծառայող է Արցախում:

Հիշեցնենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել էին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: