Ֆրանսիացիները երկու երրորդը կողմ է, որ Հանրապետականներ կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիյոնը, ով պայքարում է նախագահի պաշտոնի համար, լքի ընտրապայքարը։ Այս մասին են վկայում Ifop վերլուծական ընկերության անցկացրած հարցման արդյունքները։ Ֆիյոնի հեռացմանը կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 71 տոկոսը, փոխանցում է «ԻՆտերֆաքսը»։

Նմանատիպ հարցում էր իրականացվել նաեւ փետրվարի 19-ին, ու այս ժամանակահատվածում Ֆիյոնի հեռացման կողմնակիցների թիվն աճել է 6 տոկոսով։

Ընդ որում ֆրանսիացիների 68 տոկոսը համարում է, որ նա նախագահական ընտրապայքարից չի հեռանա։

ԸՆտրություններին Ֆիյոնի մասնակցությունն առհասարակ հարցականի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի դատախազությունը նրա կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ հետաքննություն է սկսել այն կասկածների կապակցությամբ, որ նա Ազգային ժողովում ֆիկտիվ ձեւակերպված է եղել որպես ամուսնու օգնական։

Պենելոպա Ֆիյոնը, սակայն,  պնդում է, որ չնայած բորբոքված սկանդալին՝ իր ամուսինը շարունակի մասնակցությունը նախընտրական քարոզչությանը։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, տարբեր հետազոտական ընկերությունների հարցումների համաձայն՝ Ֆիյոնը ընտրությունների երկրորդ փուլ դուրս չի գա ու կպարտվի կենտրոնամետ Էմանուել Մակրոնին ու ուլտրաաջ Մարին Լը Պենին։