Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է վերացնել այն խախտումները , որոնք տեղ են գտել բանակի վառելիքի մատակարարումներում ապրիլյան էսկալացիայի ժամանակ։ Այս մասին վարչապետը հայտնել է NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։
«Մենք կվերացնենք այն խախտումները, որոնք տեղ են գտել ապրիլյան էսկալացիայի ժամանակ բանակի վառելիքի մատակարումներում»,- ասել է Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը, վարչապետն ասել է՝ «Կանոնավոր աշխատանքով»։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատորակ վառելիքի պատճառով։ «Որակի հարցերիին պետք է խստորեն հետեւել։ Կարծում եմ, հիշում եք, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մի շարք դեպքերում մեր ռազմական տեխնիկան չի աշխատել հենց այդ պատճառով»,- շեշտել է վարչապետը։



























