Սանահինի ուղղությամբ աշխատում է ընդամենը 2 զույգ գնացք, որից ստացվող եկամուտը բավարար չէ նույնիսկ այնտեղի աշխատակազմին վարձատրելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հարաավկովկասյան երկթաուղիներ» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը՝ ընդգծելով, որ այսօր այդ ուղղությունը տնտեսապես իրեն չի արդարացնում:
Նրա խոսքով, ՀԿԵՈՒ-ն պետք է նոր ռազմավարություն ընտրի այդ կապակցությամբ: «ՀԿԵՈՒ-ն փորձում է բոլոր ուղղություններով այնպիսի ռազմավարություն մշակել, որ դեպոները կախված չլինեն միայն գնացքների երթեւեկությունից: Շայդուլինի խոսքով, Սանահինում հենց այդպիսի կառույց է ստեղծվում, ինչի արդյունքում աշխատատեղերը ոչ թե կրճատվելու են, այլ ավելանալու է հավելյալ 30 աշխատատեղ:
Տեղեկացնենք, որ մամուլում նոյեմբերի 9-ին հրապարակված լուրերի համաձայն, ՀԿԵՈՒ-ն ցանկանում է փակել Սանահինի լոկոմոտիվային դեպոն: Շայդուլինը այդ հրապարակումները որակեց որպես քաղաքական, եւ նշեց, որ առանձին քաղաքական գործիչներ ցանկանում են այս հարցում դիվիդենտներ քաղել: Նա նշեց, որ կոնցեսիոն պայմանագրով ՀԿԵՈՒ-ին 4300 աշխատող է անցել եւ ընկերությունը չի ձգտում այդ տեղերը կրճատել, այլ, ընդհակառակը, փորձում է նոր կազմակերպություններ ստեղծել եւ աշխատատեղեր ավելացնել:
Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին նշեց, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյում աշխատողները երաշխավորագիր են ցանկանում տեսնել ՀԿԵՈՒ-ի կողմից: «Մենք քննարկեցինք այս հարցը պարոն Շայդուլինի հետ, եւ նա վստահեցրեց, որ բոլոր որակյալ աշխատողները կմնան իրենց աշխատանքին»,- նշեց նախարարը: Վարդանյանն ասաց նաեւ, որ կոնցեսիոների այս տարվա աշխատանքը տեսանելի է: «Չնայած նախորդ երկու տարիների առկա թերություններին, այս տարի մենք տեսնում ենք, որ բավականաչափ աշխատանք է արվել»,- հավաստիացրեց նախարարը:





























