Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները պետք է արմատապես վերանայվեն։ Այս մասին մարտի 6-ին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների բանավեճերի ժամանակ հայտնել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուծման համար, նախեւառաջ անհրաժեշտ է վերանայել արտաքին ու ներքին քաղաքականության ռազմավարությունը, որը կապակցված է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի հետ։ Այդ համատեքստում Սաֆարյանը հիշատակել է նաեւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որը նույնպես պետք էվերանայվի։ Մինչ բանակցություններ սկսելը անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի ռազմական նախաձեռնությունները, քանի որ բանակցությունները չեն կարող անցնել պատերազմի պայմաններում, նկատեց նա։ Սաֆարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման համար, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ։ «Իշխանությունները ոչինչ չարեցին ապրիլյան պատերազմի հետաքննության համար,- ասել է Սաֆարյանը։ Նա հավելել է, որ այդքան կարեւոր հարցի շուրջ բանավեճերում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների բացակայությունն անընդունելի է։ Նրա կարծիքով հենց նրանք պետք է բացատրեին իրենց բացթողումները ու ձախողումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

ԻՆչ վերաբերում է փոխզիջումներին՝ այդ թվում տարածքային, ապա դրանք հնարավոր են սիմետրիկության սկզբունքով։ «Այսինքն եթե Ադրբեջանը վերադարձնի Արցախի օկուպացված տարածքները, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել զիջումների մասին»,- նշեց նա։ Նրա խոսքով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը անհրաժեշտ է համարում վերջ տալ սպառազինությունների մրցավազքին։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, առաջին հերթին Ռուսաստանը, նաեւ Թուրքիան դադարեն զինել Ադրբեջանը»։