Նախատեսվում է մթերողներին էժան, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրել: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը մասնակցել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նվիրված մարզխորհրդի նիստին: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, գյուղացիներ:

Արարատի մազպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նիստի սկզբում զեկուցել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը` շեշտադրելով ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաեւ եղանակային կտրուկ տաքացման դեպքում գարնանային  հնարավոր հեղեղումների եւ սելավների դեմ իրականացվելիք միջոցառումների խնդիրները: Վարչության պետն անդրադարձել է նաեւ մթերումների դիմաց, ինչպես նաեւ պետական աջակցության ծրագրերով պարարտանյութերի եւ սերմացուների պարտքերի վերադարձին:

Անդրադառնալով մթերումների գործընթացի կարգավորմանը` նախարարը տեղեկացրել է, որ մշակվում է ծրագիր,  որով նախատեսվում է մթերողներին էժան, սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրել,  ծրագրից օգտվելու համար գործելու է  նախապայման` գյուղացուց մթերված բերքի արժեքը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

«Այժմ մենք ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ ենք աշխատում: Եթե կարողանանք  այն գործողության մեջ դնել,  ապա մոտ երկու տարի հետո ընդհանրապես մթերումների հարցում խնդիրներ չենք ունենա: Քանի որ սկզբնապես ֆինանսական միջոցները սահմանափակ են լինելու, ապա սուբսիդավորումը կարվի թիրախային` խաղող, լոլիկ, կաթ, քանի որ դրանց  վճարումների հարցում սովորապես  շատ պարտքեր են կուտակվում, հետագայում ոլորտները կընդլայնվեն»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: