Ուսադիր կրելը կնոջ համար հեշտ գործ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք տղամարդկանցից որեւէ հարցով թույլ են, այլ որովհետեւ նրանց վրա կրկնակի բեռ կա, իսկ ծառայությունը ենթադրում է երբեմն առանց հանգստյան օրերի այնպիսի նվիրում: Այս մասին, այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 7-ին Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ նշել է նախարար Վիգեն Սարգսյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են կին զինծառայողներ, զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների հարազատներ, ժամկետային զինծառայողների մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:

Տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով հասարակության մեջ եւ ընտանիքում կնոջ դերին, շեշտել է, որ կանայք իրենց ուսերին տանում են հսկայական բեռ, որն անհնար է որեւէ այլ բանի հետ համեմատել, հետեւաբար յուրաքանչյուր օր պետք է կնոջը մեծարել, երախտագիտություն հայտնել, հարգել ու պատվել:

«Ես ուզում եմ խոսքս հղել հատկապես այն կանանց, ովքեր ընտրել են շատ բարդ մասնագիտություն: Ուսադիր կրելը կնոջ համար հեշտ գործ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ դուք տղամարդկանցից որեւէ հարցով թույլ եք, այլ որովհետեւ, ինչպես նշեցի, ձեր վրա կրկնակի բեռ կա, իսկ ծառայությունը ենթադրում է երբեմն առանց հանգստյան օրերի այնպիսի նվիրում, որ հաճախ դա արվում է ձեր ընտանիքներին, ձեր ամուսիններին տրամադրվելիք ժամանակի հաշվին: Հենց դրա համար է ձեր գործը կրկնակի ծանր: Բայց ես խորապես վստահ եմ, որ բանակն ամուր է ձեզանով, որովհետեւ ձեր ջերմությունը, ներկայությունն ուժ է հաղորդում տղամարդկանց եւ միեւնույն ժամանակ սթափեցնող շատ կարեւոր գործոն ունի, որպեսզի տղամարդիկ ավելի զուսպ, շրջահայց ու խոհեմ լինեն իրենց գործերում եւ խոսքերում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ շատ է ցանկանում, որ Զինված ուժերում կանայք ունենան հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ:

«Խոսքը գոչ թե կանանց պարտադիր ժամկետային զինծառայության ներդրման մասին է, այլ լիարժեք հնարավորությունների, մասնագիտական աճի եւ պայմանների ստեղծման ու ապահովման մասին այն կանանց համար, ովքեր ցանկություն ունեն ծառայելու»:

Տոնական միջոցառումն ավարտվել է երգիչ-երգչուհիների` հայ կանանց նվիրված կատարումներով: