Կա գնորդ, որը պատրաստ է գնել «Վինար» ընկերության սպիրտը, որը բռնագանձվել եւ կապարակնքվել էր` մթերման պարտքերը մարելու նպատակով: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Արարատի մարզ կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, սակայն լաբորատոր անալիզներով պարզվել է, որ այդ սպրիտը  խաղողի չէ: Այժմ «Վինարը»  երկրորդ նմուշն է տրամադրել, որ ուղարկվել է լաբորատոր հետազոտության:

Իր հերթին մարզպետ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ հանդիպել է «Վինարի» ներկայացուցչի եւ գյուղացիների հետ: Գյուղացիների մի մասը ցանկություն է հայտնել  պարտքերի դիմաց սպիրտ վերցնել, մյուսները նախընտրել են սպասել սպիրտի գնման գործարքի ավարտին:

Գյուղացիների այն մտահոգությանը, որ ընկերությունը գնում է սնանկացման, մարզպետը պարզաբանել է, որ սպիրտը կապարակնքված է եւ պետության ենթակայության տակ է գտնվում, ուստի սնանկացման գործընթացը պարտքերի վճարումների վրա ազդեցություն ունենալ չի կարող:

Նախարարը նշել է, որ այժմ նաեւ հանդիպումներ է ունենում խաղողի խոշոր մթերողների հետ, որպեսզի մթերումներն իրականացվեն պայմանագրերով, որոնցում հստակ կարձանագրվեն վճարումների ժամկետները, ինչպես  նաեւ աշխատանքներ են տարվում խաղողի մթերման  շուկայական նվազագույն գին սահմանելու ուղղությամբ, որը  տարբերակված կլինի ըստ խաղողի տեսակների` հաշվի առնելով դրանց պահանջարկն ու բերքատվությունը: