ԱՄՆ ծովային հետեւակում ծառայող կանանց էրոտիկ լուսանկարների հրապարակման հետ կապված սկանդալի զոհերի թիվը հետաքննության ընթացքում կրկնապատկվել է եւ 20 մարդուց գերազանցել, լրագրողներին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարությանն առընթեր հանցագործությունների հետաքննության դաշնային գործակալության ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Գործակալության ներկայացուցիչ Քերթիսա Էվանսի խոսքով՝ սկանդալը հետաքննող գործակալությունում կարծում են, որ տուժողների թիվը, որոնց էրոտիկ լուսանկարները համացանցում են հրապարակել նրանց տղամարդ գործընկերները, հետագայում եւս կաճի:

Լուսանկարների հրապարակումը սկսվել է այն ամսից ի վեր, երբ կանայք առաջին անգամ սկսել են ծառայել դաշտային պայմաններում:

Ենթադրվում է, որ որոշ լուսանկարներ գաղտնի են կատարվել, մյուսները հավանաբար կանանց համաձայնությամբ, սակայն հրապարակման համար առանց նրանց թույլտվության:

Մարտի սկզբին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետաքննում է այն տեղեկությունները, որոնց համաձայն մի քանի ծովահետեւակայիններ Facebook-ում տարածել են կին ծառայակիցների մերկ լուսանկարները:

Լուսանկարները հրապարակել է «Ծովահետեւակայինների միություն» փակ խումբը, որոնք ուղեկցվել են գռեհիկ եւ սեռական բնույթի ագրեսիվ մեկնաբանություններով: Ներկայումս խումբը, որի մեջ մտնում էին մոտ 30 հազար գործող եւ նախկին ծովահետեւակայիններ, չի գործում

Ստուգումն իրականացնում է ԱՄՆ ՌԾՈւ-ի քրեական հետաքննությունների ծառայությունը: