ԱՄՆ իշխանությունները չեն մեղմացնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի՝ «Գաճաճ» մականունով, կալանքի պայմանները՝ չնայած փաստաբանների բողոքին, հաղորդում է Associated Press-ը։
Նարկոբարոնի պաշտպանությունը դատարան է դիմել՝ Գուսման Լոերային գանգստերների եւ ահաբեկիչների համար նախատեսած բանտախցից տեղափոխելու հայցով, ինչպես նաեւ պահանջել ավելի հաճախ նրա մոտ այցելուներ թողնել։
Ի պատասխան՝ դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Գաճաճի» գործը հենց պահանջում է բարձր անվտանգության միջոցառումներ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նարկոբարոնը երկու անգամ փախել է Մեքսիկայի բանտերից եւ կալանքի տակ գտնվելով՝ կարողացել է կառավարել կարտելը՝ կոդավորված հաղորդագրություններ ուղարկելով։
Գուսման Լոերայի փաստաբանների կարծիքով՝ այն պատճառով, որ կալանավորը ամբողջ ժամանակ միայնակ է բանտախցում եւ զրկված է կնոջ հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից՝ նարկբորանի մոտ տագնապային նեւրոզ է սկսվել, որը հանգեցնում է շնչառության հետ խնդիրների, գլխացավերի ու նույնիսկ ձայնային հալյուցինացիաների։
Իր հերթին դատախազությունը հայտարարարել է, որ Գուսման Լոերային հատկացվել է նման տեսակի ամենաընդարձակ բանտախուցը, կալանավորը մշտապես հանդիպում է պաշտպանության ներկայացուցիչների հետ, իսկ հոգեբանի հետ նրա խորհրդակցությունից հետո պարզվել է, որ հալյուցինացիաներն իրականում երաժշտություն են, որը ռադիոյով լսել է բանտի աշխատակիցը։




























