Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Աբու Դաբիում ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը եւ գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։
Հանրապետության նախագահի գնահատմամբ, խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով իրականացվող միջոցառումները, որոնց թվում է նաեւ այսօր բարեկամ էմիրություններում անցկացվող Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի բնագավառում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքներն ու դրա շրջանակներում ձեռք բերվելիք գործնական պայմանավորվածությունները կունենան երկկողմ լիակատար աջակցություն եւ իրենց լուրջ ներդրումը կբերեն հայ-էմիրաթյան առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին Հայաստանին մասնակցության հրավերի համար:
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթյան հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում եւ փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը միմյանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ Դուբայի առեւտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ նախագահի պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարության որոշման մասին, որն արդեն ուժի մեջ է մտել: Նախագահը եւ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարեւոր քայլ են համարել երկկողմ կապերի առավել ամրապնդման ու զարգացման ճանապարհին:




























