Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Պապիկյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, եւ հույս հայտնեց, որ դեսպան Յերուշալմին իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնման գործում:

Զրուցակակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ընդգծվեց նաեւ երկու երկրների խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակին եւ կարեւորվեց այդ տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության ապահովումը: Մտքեր փոխանակվեցին առկա հիմնախնդիրների եւ դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ: