«Ելք» դաշինքը միակ ուժն է, որ բացառում է կոալիցիան ՀՀԿ-ի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում երկար տարիներ իշխանափոխություն չի եղել, 17 տարի խաղաղ իշխանափոխության փորձերը տապալվել են, բայց այս անգամ ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ են ներդրված, որի պարագայում իրենք հավատում են 2 րոպեի ընթացքում իշխանափոխությանը:
«Ելք» դաշինքի քվեաթերթիկը վերցնելով կարող ենք իշխանափոխություն անել: «Ելք» դաշինքը միակ քաղաքական միավորն է եղել մինչ օրս, որ բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձեւավորումը: Մեզ ասում էին՝ էլի կան ուժեր, օրինակ «Ծառուկյան» դաշինքն էլ է բացառում: Բայց երեկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը լրագրողի հարցին, թե կոալիցիա կկազմե՞ք իշխող կուսակցության հետ, նա չի բացառել եւ ասել է, որ եթե իրենց 15 կետերը կատարեն, մեր գործընկերների հետ կմիանանք:
Մյուս ուժերից ՀՅԴ-ն այօսր էլ կոալիցիայի մեջ է, «Հայկական վերածնունդի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ ենք կոալիցիայի մեջ մտնել, եթե ունենանք վերահսկիչ փաթեթ: Մյուս ուժերն էլ, ցավոք, կամ բարեբախտաբար, հնարավորություն չունեն շեմը հաղթահարելու».-ասաց նա:
Մարուքյանը ընտրողներին երեք տարբերակ առաջարկեց. «Կամ ձայնդ փոշիացնում ես՝ ձայնդ տալով մի ուժի, որը շեմը չի հաղթահարում, կամ ձայնդ տալիս ես մի ուժի, որպես ընդդիմություն, հետո նա գնում միանում է ՀՀԿ-ին, կամ էլ ձայնդ տալիս ես «Ելք» դաշինքին եւ ՀՀ-ում սկսվում են երկար սպասված փոփոխությունները»:


























