ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» եւ «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ներում եւ հայտնաբերել մի շարք խախտումներ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ խախտումները վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ հաճախ կրելով ձեւական բնույթ: Մսի որակի նկատմամբ բավարար կասկածների դեպքում այս ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին, թեեւ պարտավոր էին: Փորձաքննության դրական եզրակացության պարագայում՝ չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել մսի անվտանգությունը հավաստող դրոշմակնքումները:
Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փաստաթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ: Պարզվել է նաեւ, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են անհայտ ծագման նյութեր՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով փորձաքննության արդյունքները: Փորձաքննություններ են իրականացվել առանց կենդանիների ներքին օրգանների առկայության (թոքեր, սիրտ, լյարդ եւ այլ), միաժամանակ, նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում հնարավոր չէ պարզել մսի որակը կամ հնարավոր հիվանդությունների առկայությունը:
Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր փորձաքննության չի ենթարկվել խոզերի մսեղիքը: Չեն գրանցվել ձուկ, կաթ եւ մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով: Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո չի տրվել եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման համար, չեն լրացվել կամ թերի են լրացվել փորձաքննության եզրակացությունները:
Որոշ դեպքերում, փորձաքննություն է իրականացվել առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի, թեեւ օրենսդրությունն արգելում է անասնաբուժական փորձաքննության իրականացումը, երբ պարզ չէ մսի ծագումը: Դրոշմի համար օգտագործված ներկերը սննդային չեն եղել, որեւէ հիմնավորում դրանց պիտանիության մասին չի ներկայացվել: Չի պահպանվել ախտահարված օրգանների եւ հյուսվածքների վարակազերծման կարգը:
Ստուգումների արդյունքների հիման վրա հաղորդագրություններ են տրվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարություն: Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում է պահել անասնաբուժասանիտարական փորձաքննություններ կատարող ընկերությունների գործունեությունը՝ վերջիններիս պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով:
Ստուգման ընթացքում նաեւ պարզվել է, որ նշված ՍՊԸ-ները պայմանագրեր են ունեցել եւ փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, որի անհրաժեշտությունը չկար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ միայն իրացման կետերում վաճառվող միսն է ենթակա պարտադիր լաբորատոր փորձաքննության (կառավարության 426-Ն որոշմամբ սահմանվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնելու պատասխանատվությունը կրում են իրացնող կազմակերպությունները):
Բացի այդ՝ հանրային սննդի օբյեկտներից հնարավոր չէ կատարել ճիշտ նմուշառում եւ օբյեկտիվ փորձաքննություն, քանի որ այնտեղ միսը ձեռք է բերվում կտորներով՝ առանց ներքին օրգանների եւ համապատասխան հյուսվածքների: Նշենք նաեւ, որ հաճախ, չնայած պայմանագրերի առկայությանը, որեւէ ծառայություն հանրային սննդի օբյեկտին չի մատուցվել, փաստացի՝ փորձաքննություններ չեն իրականացվել:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՍԱՊԾ-ն տեղեկացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, որ իրենց կողմից ձեռք բերված միսն արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության եւ՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն համապատասխան եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ (3-րդ ձեւ) եւ գնման ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ անհրաժեշտության դեպքում գնված մսի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:
Ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը Երեւան քաղաքի առեւտրի իրականացման վայրերում պարտադիր է 2018 թվականի մարտի 1-ից եւ առաջարկում է սկսել նախապատրաստական աշխատանքները՝ գործընթացն ամբողջությամբ նշված ժամկետներում ապահովելու համար:




























