Հետիոտնը, որը կենցաղային կամ այլ տեսակի աղբ է թափում Թբիլիսիի փողոցներում, այսուհետ կտուգանվի 80 լարիով՝ մոտ 32 դոլարով, հայտնում է «Նովոստի Վրաստանը»
Ապրիլի 3-ից սկսած՝ մայրաքաղաքի մաքրությանը հետեւելու են «Թբիլսերվիսգրուպ» ընկերության տեսուչները։ Քաղաքապետարանին պատկանող այդ նոր ծառայության աշխատակիցները հիմա համապատասխան դասընթացներ են անցնում։
Արդեն հայտնի է, որ ծխախոտը, արեւածաղկի սերմերի կեղեւները ու նմանատիպ մյուս աղբը փողոցում նետելու համար իրավախախտները տուգանվելու են նվազագույն՝ 80 լարիի չափով։ Իսկ 2 կգ-ից ավել կշռող աղբի համար տուգանքը կկազմի 150 լարի։
Տուգանելու են ոչ միայն Թբիլիսիի բնակիչներին, այլեւ օտարերկրկացի իրավախախտներին։
Առաջին երկու շաբաթներին տեսուչները իրազեկիչ աշխատանքներ կկատարեն բնակիչների շրջանում։ Այնուհետեւ տեսուչները լուսանկարչական ու տեսագրման խցիկների միջոցով կսկսեն փաստագրել բոլոր իրավախախտումները ու տուգանել իրավախախտներին։



























