Արմավիրի մարզում ամուսնու կողմից կնոջը դաժանաբար սպանելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մելիքսեթյանն անցած տարվա սեպտեմբերին 19-ին երեկոյան մեքենայի մեջ վիճել է կնոջ հետ՝ նրան կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ: Վիճաբանության ընթացքում Արթուրը նախ ավտոմեքենայում, ապա հարակից դաշտամիջյան հատվածում ծեծել է կնոջը եւ պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:

Արթուր Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ակնալիճ–Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է 38-ամյա Նարինե Դ.-ի դին՝ բռնության հետքերով:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում` դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է մի տղամարդու, որը հայտարարել է՝ տուժածն իր կինն է և ինքն է սպանել նրան։