Տավուշի մարզում 1 կգ խոզի մսի գողության գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Պարզվում է՝ դատախազ Հովհաննես Փարսադանյանը դժգոհ է առաջին ատյանի կայացրած որոշումից, որի համաձայն Տավուշի բնակիչ Արծրուն Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:Դատախազը պահանջում է կամ նշանակել ազատազրկման ձեւով պատիժ կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել գործը եւ դատական նիստի օր նշանակել ապրիլին:

Ըստ մեղադրական եզրակացության` Արծրուն Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում մուտք է գործել Իջեւանի խանութներից մեկ, որտեղից բացահայտ հափշտակել է 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի վնաս:

Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պարզ է դարձել, որ տղամարդն այդ քայլին է գնացել կյանքի ծանր հանգամանքների զուգորդման կամ սոցիալական ընչավոր վիճակից դրդված:

Նշենք, որ Արծրուն Հարությունյանը նախկինում նույնպես դատապարտված է եղել եւ ավելի ուշ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից: Պատժի չկրած մասը կազմել է 1 տարի 6 ամիս օր: Մինչև այդ ժամկետի լրանալը կատարել է սույն գործով իրեն մեղսագրված արարքը:

Դատարանը վճռել է Հարությունյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, նշանակված պատժին որոշվել է մասնակի գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ վերջնականապես դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել: