Բրիտանական նավթային BP ընկերությունը, որը կառավարում է «Շահդենիզ» գազային հանքավայրը, նախատեսել է ընթացիկ տարվա երկրորդ կեսին հարթակի աշխատանքները դադարեցնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում BP-ի նախկին տարածաշրջանային նախագահ, արդյունահանման վերափոխման եւ ածխաջրածինների օպերացիոն տնօրեն Գորդոն Բիրելը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գորդոն Բիրելի խոսքով` հարթակի աշխատանքները կդադարեցվեն տեխնիկական սպասարկման համար:
«Շահդենիզ» հանքավայրի խնդիրների մասին նախկինում հայտարարել էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին: Նրա խոսքով` այդ խնդիրների պատճառով (որոնց բնույթը չի հստակեցվել) Վրաստանը ստիպված էր գազի լրացուցիչ ծավալներ գնել Ռուսաստանից:
«Ամսվա սկզբին «Շահդենիզ» հանքավայրում խնդիրներ են եղել, եւ 2-3 օր Ադրբեջանից գազամատակարարարումը գործնականում սահմանափակված էր: Բնական է, որ մենք չենք սահմանափակել սպառողների պահանջները եւ անհրաժեշտությունից ելնելով` օգտագործել ենք այն այլընտրանքային պահուստը, որը պահեստավորել էինք կոնկրետ, որոշակի պայմաններով համաձայնագրով»,- հայտարարել էր Մ արիամ Վալիշվիլին:
Մարտի սկզբին մի քանի օր բացի ռուսական գազի լրացուցիչ ծավալներն օգտագործելուց, Վրաստանը հունվար-փետրվարին «Գազպրոմից» 100 մլն խորանարդ մետր բնական գազ է գնել:
Արժե նշել, որ Ադրբեջանի պաշտոնական անձինք դեռեւս ոչ մի բան չեն հայտնել «Շահդենիզ» հանքավայրի խնդիրների մասին:
Նշենք, որ մարտի 30-ին Գորդոնհ Բիրելը եւ ընկերության նոր տարածաշրջանային տնօրեն Հերրի Ջոնսը պաշտոնական այցով Բաքվում են եղել:




























