ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի  Արման Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է՝ ինչ հանգամանքներում է նախընտրական իրենց շտաբում մահացել 77-ամյա Սուսաննա Հարությունյանը։

«Ընտրատարածքի հարակից տարածքում ապրող բնակչուհի է եղել, եկել է ընտրությունների, այդ ճանապարհին վատ է զգացել իրեն, մեր ներկայացուցիչները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել։ Տարել են մեր շտաբ, զանգել են շտապօգնություն, բայց, ցավոք, հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- պարզաբանել է նա:

Արման Սահակյանը նաեւ անդրադարձել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանից միջազգային դիտորդների ահազանգին, թե ընտրողներն հատուկ գրիչներով  են ներկայացել ընտրության եւ ասել, որ դրանք Արման Սահակյանի անունից են բաժանվել, որպեսզի վերահսկեն նրանց ընտրությունը:

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, եւ դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Հիմա, շատ մարդ շատ բան կարող է ասել։ Իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հասրթյան 16 հասցեում գտնվող Արման Սահակյանի նախընտրական շտաբում տարեց կին է հանկարծամահ եղել: