Մարտին Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիյահու Երուշալմին իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեսպանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով Իսրայելի դիրքորոշումը, խոսել Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունների եւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները վերականգնելու հնարավորության մասին:
Իսրայելը փոխե՞լ է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ինչպե՞ս եք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունները, հաշվի առնելով փաստը, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին:
Նախ եւ առաջ թույլ տվեք ասել, որ հրեաներն ու հայերը բազմաթիվ հարցերում շատ նման են ու շատ ընդհանրություններ ունեն: Մենք մեծ սփյուռք ունենք եւ շատերը երկրի սահմաններից դուրս են բնակվում: Հայերի եւ հրեաների միջեւ որոշակի մտերմություն կա: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին. իսրայելցի բարձրաստիճան նախարարը Հայաստան կայցելի, եւ ես հույս ունեմ, որ արդեն հուլիսին մենք կավարտենք բոլոր պայմանագրերի համաձայնեցումը: Մենք կշարունակենք համագործակցությունը Հայաստանին միջազգային օգնության ցուցաբերման, տնտեսական, զբոսաշրջության, ուղիղ չվերթների եւ խորհրդարանների մակարդակով կապերի հարցում:
Հիմա Ղարաբաղի մասին: Մենք խաղաղություն ենք ուզում, եւ մեր քաղաքականությունը հետեւյալն է. ձեր եւ ձեր հարեւանների միջեւ խաղաղությունը պետք է հիմնված լինի Մինսկի գործընթացի վրա: Մենք կընդունենք այն ամենը, ինչ կորոշեք հանուն ձեր ժողովուրդների բարեկեցության: Ամենակարեւորը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ Հայաստանը կարողանա խաղաղ ապրել:
Ինչ վերաբերում է զենքի վաճառքին. Իսրայելը, բնականաբար, չի մեկնաբանում այդ հարցը: Այն բարձրացվել է Երեանում իմ բազմաթիվ հանդիպումների ընթացքում եւ, հավանաբար, կքննարկվի հետագա խորհրդակցությունների ժամանակ:
Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կնեսետի խոսնակ Հուլիոս Էդելշթեյնը նույնպես սատարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գաղափարը եւ բազմիցս կառավարությանը կոչ է արել անել դա: Ինչ եք կարծում, իսրայելական կառավարությանն ի՞նչն է խանգարում ճանաչել Ցեղասպանությունը:
Հայերի ողբերգությունը միշտ մեր մտքերում է: Իսրայելը չի արտահայտել այն, ինչ մենք մտածում ենք, քանի որ դա ձեր եւ Թուրքիայի միջեւ պատմական խնդիր է: Մենք կընդունենք այն, ինչ կորոշեք դուք եւ Թուրքիան: Սակայն դա միշտ մեր մտքերում է: Մենք նույնպես ողբերգություն ենք ապրել: Ես եղել եմ Երեւանում թանգարանում, այն շատ նման է Իսրայելում Հոլոքոստի թանգարանին: Ինչպես եւ Ղարաբաղի հարցում՝ ձեր եւ Ադրբեջանի միջեւ, մենք պետք է ընդունենք այն, ինչ կորոշեք դուք եւ մյուս կողմը:
Երեւան-Թել Ավիվ չվերթը նպաստում էր զբոսաշրջության զարգացմանը: Ուղիղ չվերթները կվերականգնվե՞ն: Իսրայելցի զբոսաշրջիկների թվի մասին պաշտոնական տվյալներ կա՞ն:
Մենք կարծում ենք, որ հսկայական ներուժ կա: Մենք արդեն մի քանի համաձայնագիր ենք ստորագրել: Հնարավոր է՝ ուղիղ չվերթ իրականացվի արդեն այս տարվա ամռանը: Վրաստանը տարեկան ավելի քան 100 հազար իսրայելցի զբոսաշրջիկի է ընդունում: Հույս ունեմ, որ դեսպանի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում մենք դրան կհասնենք նաեւ Հայաստանում: Իսրայելցիները նոր զբոսաշրջային ուղղություններ են որոնում: Հայաստանը հսկայական ներուժ ունի իսրայելցի զբոսաշրջիկների գրավելու համար, իսկ Երեւանը պարզապես հրաշք քաղաք է իսրայելցիների համար: Կարծում եմ՝ իսրայելցիները կսիրեն Հայաստանը: Շատ մոտ երկիր է՝ ընդամենը 2 ժամ թռիչք: Զբոսաշրջիկների հոսքի մասին տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ երբ ուղիղ չվերթները վերականգնվեն, մենք միմյանց զբոսաշրջային փաթեթներ կվաճառենք:
Անցյալ տարվա դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելեց Ադրբեջան եւ Ղազախստան: Իսրայելական լրատվամիջոցներն այցը «պատմական» կոչեցին: Ի՞նչ շահեր է հետապնդում Իսրայելը եվրասիական երկրների հետ կապերի զարգացման հարցում:
Եվրասիան շատ կարեւոր է Իսրայելի համար եւ աշխարհագրորեն մոտ մեր տարածաշրջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք մեծ հետաքրքրություն ենք ցուցաբերում Եվրասիայի հանդեպ: Դա վերաբերում է ինչպես տնտեսական, այնպես էլ այդ երկրներում բնակվող հրեական համայնքների հարցերին: Եվ, իհարկե, Հայաստանը նույնպես այդ ամենի մաս է կազմում: Ըստ էության, մենք հույս ունենք, որ մեր հարաբերությունները ամբողջ տարածաշրջանի հետ կամրապնդվեն:
Հարցս հնչում է այն համատեքստում, որ Ձեր վարչապետն այցելեց հենց Ադրբեջան եւ Ղազախստան:
Հայաստան իմ առաջին այցի ընթացքում ես նշեցի, որ մեր հարաբերությունները վերաբերում են միայն Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերին եւ ոչ մի կապ չունեն այլ երկրների հետ մեր հարաբերությունների հետ: Մենք նախ եւ առաջ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափեր ենք փնտրում: Ես իսկապես ուզում եմ աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ես ԱՄՆ-ում եմ մեծացել, եւ երբ մենք վերադարձանք Իսրայել, ես այցելեցի մորաքրոջս: Նա ապրում էր հայերից վարձակալած բնակարանում, եւ այդ շենքում բազմաթիվ հայեր էին բնակվում: Ես նախկինում երբեք նրանց մասին չէի լսել: Մորաքրոջիցս իմացա, թե ովքեր են հայերը: Հետագայում հայերի հանդիպեցի ամբողջ աշխարհում: Ես առանձնահատուկ զգացմունք ունեմ Հայաստանի հանդեպ եւ ջանասիրաբար աշխատելու եմ՝ մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար:



























