Եգիպտոսի հայ համայնքն աապահով է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:

«Եգիպտոսում վիճակը լավ է, կյանքը բնական հունով շարունակվում է: Բնակչությունն ավելի շատ զայրացած է, քան վախեցած: Իսկ հայ համայնքը ապահով է, այս պահին վտանգ չկա, ամեն ինչ բնական հունով է ընթանում»,-ասաց նա:

Արմեն Մազլումյանի խոսքով, Եգիպտոսում ապրիլի 9-ին Ծաղկազարդի կիրակիի առիթով երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով այս պահին կա 44 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր՝ բոլորը ղպտի:

«Բարեբախտաբար հայեր չեն տուժել, տուժել են ղպտիներ, պայթյունը տեղի է ունեցել ղպտիների օրթոդոքս  երկու եկեղեցում: Վերջին տվյալներով զոհվել է 44 մարդ, կա 100-ից ավելի վիավոր»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսում առաջին պայթյունը որոտացել է Թանթա քաղաքի Սուրբ Գեւորգ ղպտիական եկեղեցում, որը Ալեքսանդրիայից 130 կմ հյուսիս-արեւելք է գտնվում: Այնտեղ տեղում 25 մարդ էր զոհվել: Եկեղեցու մեջ է եղել քրիստոնյա ղպտիների պատրիարք Թեոդորոս Երկրորդը: Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ նա չի տուժել: Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը՝  պայթուցիկ սարքը գործարկվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցում: Այնտեղ զոհվել է 11 ծխական: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: