Ստամբուլուհայ համայնքից խլած այնուհետ երկարատեւ պայքարի արդյունքում հետ վերադարձված հայկական «Քամփ Արմեն» անունով հայտնի մանկատան տարածքում սկսվել են շինարարական աշխատանքները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի հրահանգով արդեն սկսվել են «Քամփ Արմենի» փլված հատվածի մաքրման աշխատանքները, որին կհաջորդի արդեն կառուցման աշխատանքները։
Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբաօղլուն նշել է, թե 2015-ին իրենց վերադարձված «Քամփ Արմենը» պետք է զրոյից կառուցվի, իսկ հին ու փլված հատվածի մաքրման աշխատանքների համար դիմել են Ստամբուլի ու Թուզլայի քաղաքապետերին եւ ստացել դրական պատասխան։
«Վերանորոգումից հետո «Քամփ Արմենը» կպահպանի մանկատան գործունեությունը, սակայն մի հատվածը մշակույթային կենտրոն ենք դարձնելու։ Շենքի մի մասի սեփականության վկայականը դեռ չենք ստացել, սակայն հավատում ենք, որ ըստ տրված խոստման ամեն ինչ ըստ գործընթացի տեղի կունենա»,-ասել է Գրիգոր Աղաբաօղլուն։
Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել էր քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել էր, այնուհետ շենքի հիմնական մասը վերադարձվել։
Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։
Մանկատան տարածքում ամիսներ շարունակ հերթապահում են հայ ակտիվիստները։




























