Տրամաբանությունը հուշում էր, որ Ասադը քիմիական զենք չէր կիրառի, բայց Թրամփը ստիպված էր զիջել իր երկրի քաղաքական վերնախավին: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանում բոլոր առանցքային որոշումները մեկ մարդ է կայացնում, ապա ԱՄՆ-ում դա այլ կերպ է արվում: Շատ հարցերում Թրամփը ստիպված է լինում զիջել Կոնգրեսին, եւ սիրիական հարցն ամենեւին էլ միակ օրինակը չէ:

Պապյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Սիրիայում միջազգային հանձնաժողովն արձանագրեց. այդ երկրում քիմիական զենք չկա: Բայց նույնիսկ իմանալով դա, Թրամփը ստիպված էր զիջել: «Այս ֆոնին ուժեղացան կրեմլամետ քաղաքագետների կարծիքներն այն մասին, որ Ռուսաստանը պետք է դիմակայության ուղին ընտրի: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանին այս ամենում ոչ մի լավ բան չի սպասվում. ոչ ոք չի ուզում երկու կրակի արանքում հայտնվել»,- հավելեց փորձագետը: