Եվրամիությունը կշարունակի օգնել Հայաստանին նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ ամենուր կարելի է լսել, թե Հայաստանը պետական կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումներ է սկսել։ Շատ կարեւոր է, որ դրանց արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ պահպանվի քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների կարեւոր դերը։
Սվիտալսկին հիշեցրել է, որ Եվրամիությունն ավարտել է Հայաստանի հետ բանակցությունները՝ խորացված գործընկերության մասին շրջանակային համաձայնագրի շուրջ։ Իսկ հունիսին նախատեսվում է ավարտել նաեւ աջակցության ծրագրի շուրջ բանակցությունները (Single Support Framework)։ Կփոխվի աջակցության տրամաբանությունը՝ Եվրամիությունը Հայաստանից ավելի շատ նախաձեռնության կսպասի։ Երկրի իշխանությունները պետք է որոշեն, թե որ ոլորտներում է աջակցությունն առավել արդյունավետ եւ կենտրոնանալ դրանց վրա։
«Ճանապարհնե՞րը։ Խնդրեմ։ Արդարադատությո՞ւնը։ Մենք պատրաստ ենք։ Տեղակատվական տեխնոլոգիաներին, էլեկտրոնային ծառայություններին աջակցություն։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ այդ բնագավառներում եւ պատրաստ ենք քննարկել համագործակցության շարունակության հնարավորությունները», - հավելել է Պյոտր Սվիտալսկին։




























