Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ստորագրել են համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:
Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք եւ ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու եւ համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել»:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորեց նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նշելով. «Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, եւ այսպիսի ձեւաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները»:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության եւ գիտության նախարարին՝ համագործակցելու պատրաստակամության համար եւ հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաեւ Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ: «Այստեղ եւս Սփյուռքի եւ Կրթության եւ գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու եւ բազմաթիվ այլ հարցերում», - նշեց Սփյուռքի նախարարը:




























