ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 12-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի հետ քննարկել է կառավարության հետագա ծրագրերը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին եւ տնտեսության զարգացման միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի:
Հոսեյն Սամիեին նշել է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ ստացել են դրական ազդակներ եւ դրանցից մեկը վերաբերում է հարկային ու մաքսային ոլորտում կատարված փոփոխություններին՝ ստվերը կրճատելու, վարչարարությունը բարելավելու ուղղությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում անհրաժեշտ է շարունակել ջանքերը հարկային ցանցն ընդլայնելու ուղղությամբ: «Կարեւորում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը եւ ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են: Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ եւ հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաեւ գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Հոսեյն Սամիեն:
Վարչապետը կարեւորել է ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար եւ անդրադարձել կառավարության հետագա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը եւ այդ հարցում կառավարությունը լինելու է հետեւողական: «Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաեւ որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատեւ կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված եւս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը եւ այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետեւողական է նաեւ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին եւ դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը: Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները եւ դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջեւ դրված ծանր նշաձողը եւ ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է: «Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը եւ տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ եւս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը եւ ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը:




























