Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում անհանգստացնող երեւույթ է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, Բյուլբյուլօղլիի մոտ կա հայաֆոբիա կամ էլ նա տուրք է տալիս այժմյան իշխանություններին. «Նա տասը տարուց ավելի եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար, եւ հենց այդ ժամանակաշրջանում են ոչնչացվել Նախիջեւանի բոլոր խաչքարերը:
Դեսպանի խոսքով՝ այն պաշտոնյան, ով մշտապես հանդես է գալիս ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու դիրքերից, այլեւ հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել եւ կռվել այդ հողերի համար՝ նմանատիպ նկրտումներ արտահայտելով նաեւ Երեւանի առումով, չի կարող նշանակվել այդ պաշտոնում. «Երբ փողոցային խուժանը քայլեր է անում, եւ նրան չեն կանգնեցնում, նա ավելի շատ է ոգեւորվում: Ես չեմ տեսել, որ նրա ասածներին որեւէ պաշտոնական հակադարձում լինի հայկական դեսպանության, հայ համայնքի կողմից: Սա դառը իրականություն է, եւ ժամանակի ընթացքում նա ավելի ոգեւորվեց: Ես չեմ ուզում խորանալ, թե ինչ փողեր են պտտվում ՅՈՒՆԵՍԿՕ-ում, բայց նրա նշանակման համար շանսեր կան: Տվյալներ կան, որ ամեն ինչ արվում է, որ հենց նա նշանակվի՝ հաշվի առնելով այն, թե ինչ ֆինանսական վիճակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոշ երկրներ կրճատել են անդամավճարները, այդ թվո ւմ՝ ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ մահմեդական երկրներ ավելացրել են մուծումները»,-նշեց դիվանագետը:
Արման Նավասարդյանը համոզված է, որ այս հարցին պետք է արձագանք լինի Հայաստանից: «Մենք ավելի քան մեկ ամիս է՝ լծված ենք այս գործին, մտավորականության, հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել եւ նամակներ ենք ուղարկել ըստ համապատասխան հասցեների՝ բացատրելով, թե նրա նշանակումը ինչ հետեւանք կարող է ունենալ: Հղում ենք կատարել նաեւ կանոնադրությանը, որով արգելվում է նման փիլիսոփայություն քարոզող անձին զբաղվել այդ գործով: Տեսնենք՝ ինչ կստացվի: Պետք է ոտքի հանել այնպիսի անձնավորությունների, ինչպիսիք են օրինակ՝ Շառլ Ազնավուրը, մեծ դեր կարող է ունենալ Վատիկանը»,-ընդգգծեց Արման Նավասարդյանը:
Նշենք, որ մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին. ընտրությունը կատարվելու է նոյեմբերին:




























