Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:

Նախագահներ Իգոր Դոդոնը եւ Սերժ Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը` երկուստեք կարեւորելով Հայաստանի ու Մոլդովայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը, որը, նախագահների համոզմամբ, բխում է երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների շահերից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի եւ շփումների ակտիվացումը, առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: