ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։

Այս մասին NEWS.am-ը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության եւ իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի եւ օրինապահության ամրապնդման կարեւորագույն ոլորտը, եւ դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը:

Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները: Այսօր ունենք կայացած եւ ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար եւ կարող է կատարել իր առջեւ դրված ամենաբարդ խնդիրները, եւ որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին:

Այս ամենի վկայությունն էին ոստիկանության գործողությունները անցյալ տարվա դրամատիկ իրադարձությունների ընթացքում, երբ ոստիկանները, անգամ ինքնազոհության գնով, լիարժեքորեն կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:

Վկայությունն էր նաեւ ոստիկանության աշխատանքը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի եւ բուն քվեարկության օրվա ընթացքում:

Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ոստիկանության ոչ միայն մասնագիտական ու գործառնական, այլեւ բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին:

Միաժամանակ, ոստիկանությունը շարունակելու է մնալ հանրության մշտարթուն ուշադրության կենտրոնում, իսկ ցանկացած թերացում, վրիպում, առավել եւս՝ օրինախախտում, կարող է ի չիք դարձնել ոստիկանության արդիականացմանն ուղղված ջանքերի արդյունքները: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջին հերթին ինքն է անհանդուրժող լինելու ցանկացած նման երեւույթի հանդեպ, ինչպես որ հետեւողական է բարեփոխումների գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու գործում:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան եւ մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի»: