Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին, Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Գրիգորիի Խաչատուրովին: Պետությունների ղեկավարները նաեւ որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական եւ ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:































