Այս պահին որեւէ պատճառ չկա պնդելու, որ Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում չի լինի: «Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», - այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայով:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում ինքը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, հաշվի առնելով, որ ժամանակին եղել է Էկոնոմիկայի նախարար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե իմ նախասիրությունն եք նայում, ոչ, որովհետեւ ես համարում եմ, որ այս ոլորտը երկրի զարգացման հիմքն է: Մեր բնական ռեսուրսները, մեր շրջակա միջավայրը մեր երկրի զարգացման իրական հիմքն է եւ ճիշտ ու նպատակային քաղաքականության, էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական քաղաքականությունների համապատասխանեցման արդյունքում կարող ենք ունենալ լուրջ զարգացում: Չմոռանանք, որ մեր բնական ռեսուրսները նաեւ աշխարհում համարում են բավականին մրցունակ՝ ջրի, ընդերքի, կենսաբազմազանության տեսակետից»։
Նախարարը կարծիք հայտնեց, որ բոլոր մյուս նախարարությունների համար Բնապահպանության նախարարությունը կդառնա համակարգային կապող օղակ դրսում ու ներսում կատարվող գործողությունների համար: նա հույս հայտնեց, որ նախարարությունը կփոխի անվանումը՝ դառնալով Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման պետական լիազորված մարմին:




























